Նավթի համաշխարհային գինը շարունակում է կտրուկ նվազել դեռևս 2014 թ.-ի երկրորդ կեսից: Գնային այս քաղաքականությունը մշակված է և հաջողությամբ իրագործվում է OPEC երկրների կողմից: Ցածր գների պայմաններում միայն վերջիններս են, որ կարողանում են հեշտությամբ պահպանել դիրքերը շուկայում, ինչը, սակայն, չի կարելի ասել ոչ-OPEC երկրների համար:
Ադրբեջանը` որպես ոչ-OPEC երկիր, մեծ վնասներ է կրում նավթի էժանացումից: Ի հակադրություն OPEC երկրների՝ Ադրբեջանի նավթի արդյունահանման ծախսերը մի քանի անգամ ավելի բարձր են, ինչն էլ վաճառքի ցածր գնի պարագայում կրճատում է եկամուտն ու շահույթը: Ըստ վերջին հայտարարությունների` OPEC-ը շարունակելու է պահպանել արդյունահանման ծավալները՝ ցածր պահելով վառելիքի շուկայական գինը:
Ադրբեջանի ՀՆԱ-ի 63 տոկոսը կազմում է արդյունաբերությունը, որից 60 տոկոսը բաժին է ընկնում նավթի և գազի արդյունահանմանը՝ 2013 թվականի տվյալներով: Սրանից կարելի է ենթադրել, որ աշխատուժը հիմնականում պետք է ներգրավված լինի արդյունաբերության այս ոլորտում: Սակայն առկա տվյալները վկայում են, որ երկրի աշխատուժի միայն 12.1 տոկոսն է ընդգրկված արդյունաբերական այս ոլորտում (աղբյուրը՝ indexmundi.com): Արդյունաբերական հիմնական ճյուղերն են՝ նավթ և նավթամթերք, բնական գազ, նավթային արդյունաբերական տեխնիկա, երկաթ, ցեմենտ և նավթաքիմիկատներ: Արտահանման 90 տոկոսը կազմում են միայն նավթն ու գազը, մնացած 10 տոկոսը՝ տեխնիկան և մթերքները: Արդյունաբերական և տնտեսական այլ ոլորտներ կա՛մ շատ թույլ են զարգացած, կա՛մ ընդհանրապես չեն գործում:
Իսկ նավթային շուկայի նախորդ շաբաթվա տվյալները հետևյալներն են. AZERI LT տեսակի նավթի բարելի արժեքը Թուրքիայի, Վրաստանի և Իտալիայի նավահանգիստներում կազմել է 62.32 դոլար, որը 0.29 դոլարով քիչ է՝ նախորդ շաբաթվա տվյալների համեմատությամբ: AZERI LT-ի առավելագույն գինը եղել է 63.18 դոլար, իսկ նվազագույնը 61.33:
URALS (EX-NOVO)-ի գինը կազմել է 57.19 դոլար մեկ բարելի դիմաց, որը վաճառվում է Նովոռոսիյսկ նավահանգստում: Այն նվազել է 0.68 դոլարով: URALS-ի առավելագույն գինը նախորդ շաբաթ եղել է 58.12 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ նվազագույնը՝ 56.25 դոլար (աղբյուրը՝ trend.az): Տվյալներից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն իր նավթն Իտալիա, Թուրքիա և Վրաստան արտահանում է ավելի բարձր գնով, քան Ռուսաստան:
Նախորդ շաբաթ գների անկում է գրանցվել նաև նավթային միջազգային ընկերությունների մոտ: Brent-ի գինը նվազել է 0.42 տոկոսով, արդյունքում մեկ բարելը վաճառվել է 59.48 դոլարով: West Texas Intermediate-ը նույնպես 0.04 տոկոսով նվազեցրել է վառելիքի գինը՝ մեկ բարելը վաճառելով 49.59 դոլարով: Նավթի փորձագետները կանխատեսում են մոտ ապագայում գների անկում` մեկ բարելը 40 մինչև դոլարի:
Մյուս կողմից հայտնի է, որ ադրբեջանական մանաթն անկում է ապրում բավականին արագ տեմպով: Սա տրամաբանական է, քանի որ երկրի ֆինանսական հոսքերը հիմնականում արտահայտված են դոլարով (նավթի վաճառքն իրականացվում է դոլարով), արդյունքում արժույթի շուկայում մանաթի քանակը գերակշռում է դոլարին, ինչի հետևանքով մանաթը արժեզրկվում է: Տեղական արժույթի արժեզրկումն իր հերթին սպառողական գների բարձրացման պատճառ է դառնում:
Մանաթի արժեզրկումը և գնաճը բացասաբար են ազդում բնակիչների գնողունակության վրա: Մի քանի շաբաթ առաջ այս առիթով Ալիևն ադրբեջանցիներին կոչ է արել «չօգտվել» դոլարի արժեքի բարձրացումից և տեղական փոխարժեքը չփոխանակեն դոլարի, քանի որ արդյունքում բանկերը դոլարի պակաս են զգում: Նա նաև հորդորել է ձեռնպահ մնալ ապրանքների գները բարձրացնելուց: Սակայն այս հայտարարությունները չեն կարող գործնական նշանակություն ունենալ, քանի որ շուկան է թելադրում գինը՝ կախված առաջարկից և պահանջարկից:
Արդյունքում կարելի է փաստել, որ 2015-ը որևէ կերպ չի կարող խոստումնալից լինել Ադրբեջանի տնտեսության համար, քանի դեռ OPEC-ը շարունակում է վառելիքի գինը համաշխարհային շուկայում ցածր պահելու քաղաքականությունը: