Հաճախ մեզ թվում է, թե աշխատելով և ապրելով Երևանում, մենք ավելի քիչ ենք վաստակում և խնայում, քան եթե ապրեինք և աշխատեինք Եվրոպայի, Ամերիկայի կամ աշխարհի որևէ այլ երկրի որևէ մեգապոլիսում: Շատերս այն կարծիքին ենք, թե այլ երկրներում կհաջողվեր ավելի շատ եկամուտ և խնայողություն ապահովել, քան հայաստանյան պայմաններում:
Սակայն վիճակագրական տվյալները ճիշտ հակառակն են փաստում: Որպեսզի հնարավոր լինի որոշել թե, որ քաղաքն է կամ բնակավայրն է ավելի նպատակահարմար աշխատելու և ապրելու համար, ապա պետք է հաշվի առնել, այսպես կոչված, «Ապրելու Ծախսեր» ցուցանիշը (անգլերենից թարգմանված ՝ Index of Living Cost): ԱԾ ցուցանիշը, ծախսերի այն քանակն է, որոնք անհրաժեշտ են ապրելու որոշակի կարիքներ հոգալու համար: Այս ցուցանիշների համեմատությունը թույլ է տալիս օրինակ պարզել` արդյոք միջին աշխատավորձով Երևանում ապրելն ավելի էժան է, քան միջին աշխատավարձով Նյու Յորքում ապրելը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշակի աշխատավարձով Երևանում ապրելն ավեի քիչ ծախսեր է պահանջում, քան համարժեք աշխատավարձով (հաշվի առնելով նվազագույն և միջին աշխատավարձերի տարբերությունները) Փարիզում կամ Նյու Յորքում ապրելը: Աղյուսակ 1-ում ներկայացված են համապատասխան ցուցանիշները:
Աղյուսակ 1. ԱԾ ցուցանիշները Երևանի համար
Սպառողական Գների Ինդեքս (առանց վարձակալության) |
39.75 |
Վարձակալության ինդեքս |
10.25 |
Սննդամթերքի ինդեքս |
31.02 |
Խորտկարանների ինդեքս |
36.57 |
Սպառողական Գների Ինդեքս Վարձակալության Ինդեքսի հետ միասին |
25.78 |
Տեղական Գնողունակության ինդեքս |
31.31 |
(աղբյուրը՝ numbeo.com)
Ինդեքսներ չափվում են 1-100 սանդղակով: 100 տոկոսը վերագրված է Նյու Յորք քաղաքի Ապրելու Ծախսեր ինդեքսին: Այսպիսով, աղյուսակի տվյալները հուշում են, որ Երևանում սպառողական գների ինդեքսն առանց վարաձկալության 2.5 անգամ ավելի էժան է, քան նույն ինդեքսը Նյու Յորքում: Այսինքն՝ սպառողական ապրանքների զամբյուղը Հայաստանի միջին աշխատավարձի պայմաններում ավելի էժան է, քան Նյու Յորք քաղաքում համապատասխան զամբյուղը՝ ըստ տեղի գների: Վարձակալության ինդեքսը ցույց է տալիս, որ ցանկացած միավոր Երևանում վարձակալելը 9.7 անգամ ավելի էժան է, քան Նյու Յորքում: Ըստ սննդամթերքի ինդեքսի՝ Երևանում մեկ դոլարի հաշվով 3.2 անգամ ավելի սննդամթերք կարելի է ձեռք բերել, քան Նյու Յորքում: Խորտկարանների ինդեքսն էլ ավելի ցածր է. խորտկարաններում, սննդի սպասարկման կետերում համարժեք գումարով Երևանում 2.7 անգամ ավելի էժան սննունդ կարելի է ձեռք բերել, քան Նյու Յորքում: Սպառողական Գների Ինդեքսը Վարձակալության Ինդեքսի հետ միասին ցույց է տալիս, որ ընդհանուր հաշվով սպառումը Երևանում 3.8 անգամ ավելի էժան է, քան Նյու Յորքում: Այսինքն՝ մեկ դոլարի հաշվով մոտ 4 անգամ ավել ապրանք կարելի է գնել կամ վարձակալել Երևանյան շուկայում, քան ամերիկյան շուկայում: Գնողունակության ինդեքսը ցույց է տալիս, որ եթե մեկ դոլարով որևէ քանակությամբ ապրանք կարելի է ձեռք բերել Նյու Յորքում,ապա այդ նույն քանակությամբ ապրանքը կարելի է ձեռք բերել ընդամենը 0.31 դոլարով Երևանում:
Ապրելու Ծախսերի ինդեքսը վկայում է, որ աշխատավարձի չափը չի երաշխավորում խնայողությունների մեծ քանակ կամ ավելի մատչելի ապրուստ: Կարևոր գործոն է հենց ծախսերի արժեքը, որոնք տարբեր քաղաքներում տարբեր են: Այս դեպքում` Երևանում աշխատավարձի համեմատությամբ ծախսերը մոտ 2-3 անգամ ավելի ցածր են, քան Նյու Յորքում: Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ եթե, օրինակ` Երևանում ապրելու ծախսերն ավելի քիչ են, քան համանման աշխատավարձի դեպքում Նյու Յորքում, ապա առաջին դեպքում եկամտից խնայողություններ անելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան երկրորդում, երբ չնայած` եկամուտները բարձր են, բայց մեծ են նաև ծախսերը: