Ամերիկայի միացյալ նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանել Ղրիմում ռուսական բանկի, Եվրասիական երիտասարդական հիմնադրամի վրա, սառեցրել են 14 «ռուսամետ ուկրաինացիների» և ռուսների բանկային հաշիվները, ինչպես նաև արգելել են նրանց հետ գործնական կապերի հաստատումը: Պատժամիջոցների տակ հայտնված անձանց շարքում է նաև Ուկրաինայի նախկին վարչապետը, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԵՄ առաջնորդները բնութագրել են սահմանված նոր պատժամիջոցները որպես պատասխան` Ռուսաստանի կողմից Ղրիմի «բռնազավթմանը» և Արևելյան Ուկրաինայում «անջատողական» խմբերին աջակցելուն:
Ի պատասխան` ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նոր պատժամիջոցները «անհասկանալի» է անվանել: ՌԴ պաշտոնյան մասնավորապես նկատել է.
«Մենք բացառապես որևէ կապ չենք տեսնում ներկայումս հարավ արևելյան Ուկրաինայում տեղի ունեցածի և այդ պատժամիջոցների միջև»: