Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները մեկ անգամ չէ, որ առաջացրել են ԵՄ անդամ երկրների դժգոհությունն ու անհամաձայնությունը:
Օր-օրի ավելանում է այն երկրների թիվը, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում պատժամիջոցների կիրառումը շարունակելու վերաբերյալ: Դրանք հիմնականում այն երկրներն են, որոնք ունեն սերտ առևտրատնտեսական կապեր ՌԴ հետ: Եվ մինչ Մեծ Բրիտանիան սպառնում է նոր պատժամիջոցներ սահմանել, դրանց դեմ արտահայտվող կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների թիվը մեծանում է:
Որոշ երկրներ պետական պաշտոնյաների մակարդակով իրենց անհամաձայնությունն են հայտնել Բրյուսելի որդեգրած քաղաքականությանը՝ այդպիսով խարխլելով ԵՄ միասնական որոշումների ընդունման գործընթացը: Օրինակ՝ Չեխիան հայտարարում է, որ պատժամիջոցները արդյունավետ չեն հատկապես առկա Մինսկի գործընթացի պարագայում, իսկ Սլովակիան, ընդունելով, որ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները մեծ վնաս են հասցրել իր տնտեսությանը, առաջարկում է մեղմացնել դրանք:
Վերջերս այս երկրների շարքին միացել է նաև Իսպանիան. իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո Իսպանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ պատժամիջոցները ոչ մեկի համար շահեկան չեն:
Ֆրանսիան հայտարարում է, որ պատժամիջոցների հետագա ճակատագիրը կախված կլինի Մինսկի համաձայնությունների իրականացումից: Նույնիսկ պաշտոնական մակարդակով պատժամիջոցներին կողմ հանդես եկող Գերմանիան հանրային մակարդակում չի խրախուսում դրանք:
Բոլորովին այլ մոտեցում ունի նաև Հունգարիան. ՌԴ հետ այս երկրի փոխգործակցությունը խորացվեց նախագահ Պուտինի և վարչապետ Օրբանի հանդիպումից հետո: Երկիրն այսօր ոչ միայն դեմ է արտահայտվում ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին, այլև հայտարարել է ԵՄ նոր նախաձեռնության՝ ԵՄ էներգամիության գաղափարին դեմ գնալու մասին: Այսօր նույնիսկ խոսվում է այն մասին, որ Հունգարիան կարող է միանալ նոր կառուցվող թուրքական «Կապույտ հոսք» գազատարին:
Մեկ այլ խումբ են կազմում Ռումինիան և Բուլղարիան, որոնք «կախված» են գերազանցապես Բրյուսելից է և սատարում են վերջինիս կողմից պատժամիջոցների խստացման ցանկացած նախաձեռնություն:
Այլ դերակատարում ունեն այս հարցում ԵՄ հյուսիսային անդամները, որոնք ամենափոքր հնարավորության դեպքում անգամ կողմ են հանդես գալիս պատժամիջոցները շարունակելուն: Այնուամենայնիվ, նույնիսկ Լեհաստանը, եվրոպամետ երկիր լինելով հանդերձ, այսօր ընդունում է, որ իր տնտեսության վրա պատժամիջոցները խիստ բացասաբար են ազդում:
Տարբեր հիմքեր ունեցող այս կարծիքների ամբողջության արդյունքում այսօր Եվրոպական միությունը ոչ միասնական մոտեցում է ցուցաբերում ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում:
Հարկ է նշել, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հայտնեց, որ ՌԴ դեմ պատժամիջոցների հետագա խստացման հարցը կորոշվի հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ընթացքում: Տուսկը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ չէ պատժամիջոցները խստացնել, քանի որ երկրները չունեն միասնական մոտեցում: Ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ կարծիքների նման տարանջատումը կարող է դառնալ Բրյուսելի վրա ազդեցության և պատճամիջոցների մեղմացման պատճառ: