Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում

10:40     12 մարտի, 2015

Հունաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գլխավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին Աթենքի կենտրոնական հրապարակում՝ Սինթաղմայում: Այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը կայանալիք միջոցառմանը կմասնակցեն Հունաստանի խորհրդարանի, կառավարության ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակույթի, արվեստի գործիչներ:

Ապրիլի 24-ին Աթենքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի առջև տեղի կունենա հիշատակի արարողություն, արբանյակային կապով կհեռարձակվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կայանալիք սրբադասման արարողությունը:

Հունաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները չեն սահմանափակվի միայն ապրիլ ամսով: Ամբողջ տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գիտաժողովներ և այլն:


© armedia.am