Մարտի 11-ին, իբր հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ մղված մարտում մահացել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Աթաև Անար Մամեդ օղլուն: Այս մասին հայտնում է razm.info լրատվականը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին:
Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե առաջնագծի որ հատվածում է եղել միջադեպը:
Արձագանքելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, որ իբր անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»: