Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցողը ժամանակին «ժողովրդավարական» էր գնահատել Ադրբեջանի նախագահական ընտրությունները

14:41     12 մարտի, 2015

ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը (Միացյալ Թագավորություն) ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ իր զեկույցի նախապատրաստման շրջանակներում այսօր փաստահավաք այցով մեկնել է Բաքու: Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, Բաքվում Ռոբերտ Ուոլթերը հանդիպելու է Ադրբեջանի նախագահին, Խորհրդարանի խոսնակին, ինչպես նաև ԱԳ, արդարադատության և պաշտպանության նախարարներին: Ինչպես նաև հանդիպումներ են նախատեսվում խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ: Բացի այդ, Ռ. Ուոլթերը հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

Ռոբերտ Ուոլթերը զեկուցող է նշանակվել ԵԽԽՎ 2014 թվականի աշնանային նստաշրջանի ժամանակ: Իսկ ԵԽԽՎ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար է նշանակվել 2010 թվականի նոյեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կողմից:

2014 թվականին Ուոլթերը զեկույց ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մնացած օկուպացված տարածքներում բռնությունների աճի» մասին: Զեկույցը խիստ քննադատության արժանացավ պաշտոնական Ստեփանակերտի կողմից: Tert.am–ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ «նման վերնագրով, նման փիլիսոփայությամբ, նման բովանդակությամբ զեկույցը մեզ համար անընդունելի մի երևույթ է»: «Ոչ թե մենք վախենում ենք կամ ուզում ենք ինչ-որ մի բան թաքցնել, այլ ասում ենք, որ զեկույցը պետք է անաչառ լինի, զեկույցը պետք է արտացոլի իրականությունը», - ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախ այցելելու Ուոլթերի մտադրության մասին չի հայտարարվել. «Պարզ է, որ այդ զեկույցը կլինի ադրբեջանական ԱԳՆ-ի կամ նախագահական աշխատակազմի ինչ-որ մարդկանց կողմից պատրաստված հերթական քաղաքականացված հակահայկական փաստաթուղթը, և եթե այդպես է, ապա թող սահմանակվեն Բաքվով»:

Հատկանշական է, որ Ռոբերտ Ուոլթերը հենց այն զեկուցողն է, ով ներկայացրեց Ադրբեջանում 2013 թվականի հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների դիտարկման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «ընտրություններն Ադրբեջանում ընթացել են ազատ, թափանցիկ մթնոլորտում և ժողովրդավարական բնույթ են կրել»: Զեկույցում նշվում է, որ «ընտրություններն անցկացվել են պրոֆեսիոնալ մակարդակով»: Զեկույցը նաև իր «գոհունակությունն է հայտնում ադրբեջանական իշխանությունների ապահոված տեխնիկական պատրաստվածությունից»:

Եվ սա այն դեպքում, երբ ողջ առաջադեմ միջազգային հանրությունը Ադրբեջանում անցկացված ընտրությունները միանշանակ որակեց որպես «միջազգային չափանիշներին չհամապատասխանող» և ժողովրդավարության սկզբունքներին հակասող՝ մատնանշելով, որ ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումներ և քաղաքական ճնշումներ են տեղի ունեցել: Այս պարագայում, Ռոբերտ Ուոլթերի անաչառությունը զգալի կասկածներ է հարուցում: 


© armedia.am