Ապրիլի 19-26-ը Նևադայում հայտարարված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր

15:14     12 մարտի, 2015

ԱՄՆ Նևադա նահանգի նահանգապետ Բրայան Սանդովալը ապրիլի 19-26-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր: Այս մասին փոխանցում է Ամերիկայի հայկական խորհուրդը:

Հայտարարության մեջ դատապարտվում են Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի համակարգված սպանություններն ու տեղահանությունը՝ ընդգծելով հայ ժողովրդի ծանր կացությունը:

Հայտարարության մեջ ըստ արժանվույն է գնահատվում Նևադայի ամերիկահայ համայնքը՝ նշելով, որ բարգավաճող համայնքը նույնիսկ ծայրահեղ պայմաններում գոյատևման ու ինքնորոշման հպարտ հիշեցում է։

Ներկայացուցիչների պալատին և ԱՄՆ նախագահին կոչ է արվում ճանաչել հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը, բացի այդ՝ այն ևս մեկ անգամ վերահաստատում է Թուրքիայի պատասխանատվությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստերը:


© armedia.am