Կայացավ «Հայաստանի պատմություն» 36-հատորյա մատենաշարի առաջին` «Հայոց ձոր» հատորի շնորհանդեսը: Այն ներկայացնում է Մեծ Հայքի պատմական «Հայոց ձոր» գավառը:Մատենաշարի հեղինակ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը նշել է, որ «Հայոց ձոր»-ի ընտրությունը պատահական չի եղել. «Հենց այստեղ է ճակատամարտը հաղթելուց հետո իր առաջին դաստակերտը հիմնել Հայկ նահապետը»: «Գրքի հիմքում ընկած են տարիների ընթացքում հավաքված նյութեր: Վերջում, բոլոր գրքերն իրար միացնելով, կստանանք Մեծ և Փոքր Հայքերի քարտեզները»,-ասել է Սամվել Կարապետյանը:
Մինչև դեկտեմբեր լույս կտեսնեն շարքի ևս երկու գիրք, որոնք նվիրված կլինեն Խնուս գավառին և Շահումյանին: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 10-12 տարվա ընթացքում:
Գիրքը կունենա նաև անգլերեն և ռուսերեն տարբերակներ, բայց դրանք հասանելի կլինեն միայն Էլեկտրոնային տարբերակով: