Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է gov.am-ը:
Ողջունելով մեր հայրենակիցներին՝ վարչապետը նշել է, որ Քուվեյթի հայ համայնքը մեր այն համայնքներից է, որի մասին միշտ հպարտությամբ են նշում մայր հայրենիքում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ընդամենը վաթսուն տարվա պատմություն ունեցող քուվեյթահայ համայնքն իր եռանդուն ջանքերի, նախաձեռնողականության և օրինակելի պահվածքի շնորհիվ վայելում է երկրի իշխանությունների և ողջ ժողովրդի հարգանքը` կարևոր գրավական հանդիսանալով Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամական հարաբերությունների խորացման համար: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում զգացել է Քուվեյթի իշխանությունների ընդգծված ջերմ և հարգալից վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ:
Կառավարության ղեկավարը կարևորել է Քուվեյթի առաջնորդանիստ Սրբոց Վարդանանց եկեղեցու և Հայոց ազգային վարժարանի դերը՝ հայապահպանության, համայնքի համակարգման ու միավորման գործում:
Նշելով, որ այս տարվա ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ գործադիրի ղեկավարն ասել է. «Մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ազգ և անկախ պետություն, խստորեն դատապարտում ենք ցեղասպանություն կոչվող չարիքը և կոչ ենք անում աշխարհին, որ միասնական ուժերով հասնենք նրան, որ այլևս երբեք և ոչ մի տեղ չկրկնվի ցեղասպանությունը»: Վարչապետն ավելացրել է, որ հայ ժողովուրդը մշտապես անսահման երախտագիտությամբ է հիշելու արաբ ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունն Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հյուրընկալ, բարյացակամ և հանդուրժողական արաբական երկրները դարձել են այն հանգրվանները, որտեղ հայության բեկորները փրկություն և ապաստան են գտել, ամրացել, ոտքի կանգնել, ակտիվորեն մասնակցել և ինտեգրվել այդ երկրների քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին՝ միաժամանակ պահպանելով ազգային ինքնությունն ու պատմամշակութային դարավոր արժեքները:
Ամփոփելով Քուվեյթ կատարած պաշտոնական այցը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Քուվեյթի իշխանությունների հետ ձեռք են բերվել կարևորագույն պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-քուվեյթյան կապերի խորացմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը: