Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում և ընդլայնվում. Էդվարդ Նալբանդյան

17:50     12 մարտի, 2015

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում են և ընդլայնվում, սլովենական Delo օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում և ընդլայնվում: Առկա է շատ սերտ համագործակցություն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական բազային, ապա այն գտնվում է Հայաստանում միջկառավարական պայմանագրի հիման վրա և հանդիսանում է անվտանգության ապահովման կարևոր գործոններից»,-նշել է արտգործնախարարը:

Դիտարկմանը, թե Արևմուտքում հույս են տածում, որ Գյումրիում տեղի ունեցածը, տնտեսական խնդիրները կգժտեն Հայաստանին և Ռուսաստանին, և հարցին, թե արդյոք Հայաստանում փոխվել է վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ընդհանրապես Ռուսաստանի նկատմամբ, ՀՀ արտգործնախարարը պատասխանել է. «Ես չգիտեմ` ով է այդպիսի հույսեր փայփայում: Դրանք անլուրջ հույսեր են: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, որոնք անցել են ժամանակի փորձությունը, և հենց դա է բնութագրում մեր երկրների ղեկավարների միջև հարաբերությունները»:

Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ի՞նչ է տալիս Հայաստանին անդամակցությունը ԵՏՄ-ին, Նալբանդյանը պատասխանել է. «Չեմ կարծում, թե ճիշտ է գաղափարական երանգ տալ տնտեսական հարաբերություններին: Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անդամակցությունը Եվրասիական միությանը, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված ձևով մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, ինչպես նաև ԵՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են»:

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, մասնավորապես՝ ուկրաինական ճգնաժամի ազդեցությանը հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ նշելով, որ ադրբեջանական սադրանքների և զինադադարի ռեժիմի խախտման պատճառով իրավիճակն այստեղ լարված էր նույնիսկ մինչև սրացումները Ուկրաինայում:

«Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ստեղծել, սակայն Ադրբեջանը հրաժարվում է: Համանախագահները կոչ են անում քայլեր ձեռնարկել զինադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, Ադրբեջանը հրաժարվում է: Նրանք կոչ են անում հեռացնել դիպուկահարներին, Ադրբեջանը կրկին հրաժարվում է: Այսինքն իրավիճակի սրացման ողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ուսերին, քանի որ հենց Ադրբեջանն է մերժել համանախագահների բոլոր այս առաջարկները», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:


© armedia.am