Ադրբեջանը խիստ մտահոգված է, քանի որ ազգային կապիտալի բավականին մեծ հատված լքում է երկիրը և իր տեղը գտնում հարևան Վրաստանում: 2014 թվականի վիճակագրական տվյալներով Վրաստանում ներդրումների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Նիդերլանդերը՝ 331 միլիոն դոլարով, որը կազմում է օտարերկրյա ուղղակի ներդրումների 26 տոկոսը: Երկրորդ տեղում է Ադրբեջանը 302 միլիոն դոլարով, որը կազմում է ուղղակի ներդրումների 24 տոկոսը, երրորդ տեղում Չինաստանն է 195 միլիոն դոլարով կամ ուղղակի օտարերկրյա ներդրումների 15 տոկոսով:
Վրաստանում 2014 թ.-ին օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընդհանուր առմամբ կազմել են 1,272 միլիոն դոլար, ինչը 39 տոկոսով գերազանցում է 2013 թվականի տվյալները: Ներդրումների հիմնական մասը կատարվում է տրանսպորտի և կապի ոլորտներում, որը կազմում է 343 միլիոն դոլար, որն օտարերկրյա ներդրումների 27 տոկոսն է կազմում: Շինարարության ոլորտում օտարերկրյա ներդրումների քանակը կազմում է 23 տոկոս, որը համարժեք է 295 միլիոն դոլարի (աղբյուրը՝ haqqin.az):
Ադրբեջանը անհանգստացած է, որ փողային կապիտալը դուրս է գալիս երկրի սահմաններից և այդքան մեծ ծավալի ներդրումներ են կատարվում հարևան երկրում ադրբեջանցի գործարարների կողմից: Մինչդեռ երկիրը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում նավթի գների անկման հետևանքով:
Ադրբեջանի բիզնես միջավայրը նախընտրում է ավելի ապահով, քաղաքական և տնտեսական առումով առավել կայուն վրացական միջավայրը, որտեղ գործունեություն ծավալելու համար պայմաններն առավել բարենպաստ են: Ադրբեջանական կապիտալի արտահոսքն ունի մի քանի պատճառ: Առաջին՝ երկրում ներդրումային հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Տնտեսությունը մեծապես հիմնված է նավթարդյունաբերության վրա, որը վերջին շրջանում նավթի գնի կտրուկ անկման հետևանքով դարձել է ներդրումների համար ոչ նպատակահարմար, իսկ արդյունաբերական այլ ոլորտներ, որտեղ հնարավոր կլիներ ներդրումներ կատարել և շահույթ ապահովել, պարզապես չկան: Երկրորդ հիմնական պատճառը երկրում առկա կոռուպցիան է և բիզնես միջավայրի ոչ ազատ լինելը: Այսինքն, պետության միջամտությունը բիզնես միջավայրին անթույլատրելի աստիճանի է հասնում, ինչը սահմանափակում է ցանկացած ազատ շուկայական հարաբերություններ՝ ձևավորելով անառողջ բիզնես միջավայր: Երրորդ պատճառը տեղական արժույթի՝ մանաթի, անկումն է, որը անկայունություն և վախեր է ծնում տեղական տնտեսության նկատմամբ: