ԼՂ հակամարտությունում ստատուս քվոն անընդունելի է. Յոհաննես Հան

22:01     12 մարտի, 2015

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ստատուս քվոն անընդունելի է, այս հարցում քաղաքական լուծում է անհրաժեշտ: Այս մասին АПА գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Անդրադառնալով չկարգավորված հակամարտությունների նկատմամբ ԵՄ որդեգրած դիրքորոշմանն ու մասնավորապես ղարաբաղյան խնդրին՝ ԵՄ պաշտոնյան նշել է. «Ոչ ԵՄ-ն, ոչ էլ ուրիշ որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հարավային Կովկասում անհնար է հասնել կայունության, առանց ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման: Այստեղ ստատուս քվոն անընդունելի է և անհրաժեշտ է քաղաքական լուծում տալ խնդրին: Բռնությունը, ռազմական հռետորաբանությունը և «ակն ընդ ական» սկզբունքի կիրառումը չեն նպաստում խաղաղությանը: ԵՄ-ն կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց խոսքում և քայլերում, ինչը կնպաստի խաղաղ կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար բարենպաստ միջավայր ձևավորելուն»:


© armedia.am