Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում «Ձյուն է տեղում ապրիլին» թեմայով 40 օր շարունակ միջոցառումներ կընթանան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Այս մասին գրում է News.am-ը՝ հղում անելով Neue Zürcher Zeitung պարբերականին:
«Ցեղասպանության թեման մանկուց հետապնդում էր ինձ՝ որպես մարդկության պատմության մեծ վերք։ Միջոցառումների նպատակը ներկայացումների, ֆիլմերի և գեղարվեստական միջոցառումների միջոցով մարդկանց 1915թ. կատարվածը հիշեցնելն է և դրա հետևանքները վերաիմաստավորելը»,- հայտարարել է թատրոնի տնօրեն, ծագումով թուրք Շերմին Լանգհոֆը, որը ներկայացման պրեմիերային մասնակցելու հրավեր է ուղարկել Գերմանիայում բնակվող թուրք մտավորականներին և պատգամավորներին։
Միջոցառումների շրջանակում Բեռլինի Գորկու անվան թատրոնում բեմադրիչ ռեժիսոր Հանս Վերներ Կրոյսինգերի ղեկավարությամբ կցուցադրվի «Մուսա լեռ. դիմակայության օրեր» ներկայացումը, որը ցույց է տալիս փոքրաքանակ հայկական խմբի հուսահատ, սակայն հաջողակ պայքարը։ Ներկայացման դերասանները ականատեսների շուրթերով Գերմանիայի Բունդեսթագի արձանագրություններից և հայցերից մեջբերումներ են կատարում՝ տալով կոնկրետ անուններ և նշելով կոնկրետ թվեր։