Գերմանիայի քաղաքացիների կեսից ավելին՝ 52%-ը, ցանկություն է հայտնել, որ Հունաստանը լքի եվրոյի գոտին: Այդ մասին վկայում են գերմանական ZDF հեռուստաալիքի հրապարակած տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քվեարկողների 40%-ը կարծիք է հայտնել, որ չնայած ֆինանսական ճգնաժամին, Հունաստանը ցանկալի է, որ մնա եվրագոտում, իսկ 8%-ը խուսափել է հարցին պատասխանելուց:
Մի ամիս առաջ անց կացված հարցման արդյունքները տարբերվում էին վերջին տվյալներից: Այն ժամանակ քաղաքացիների 52%-ը կողմ էր քվեարկել Հունաստանի՝ եվրոյի գոտում մնալուն, իսկ 41%-ը՝ դեմ:
Հարցմանը մասնակցել են 1.2 հազար քաղաքացիներ։
Կարծիքների նման փոփոխությունների վրա ազդում են Հունաստանի ունեցած ֆինանսական խնդիրներն ու Գերմանիայի կառավարության հետ ունեցած հակասությունները: Երեկ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերթական անգամ մերժել է Հունաստանի պահանջը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիսների օկուպացիայի հետևանքների փոխհատուցման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունը պահանջել էր Գերմանիայից 162 մլրդ եվրո վճարել՝ սպառնալով բռնագանձել Հունաստանում գերմանական պետական սեփականությունը, հաղորդում է «Ъ»-ն: