Թուրքական կառավարությունն անսպասելիորեն խորհրդարանից ետ է կանչել իր հեղինակած վիճահարույց անվտանգության մասին օրենքը՝ այն տրամադրելով խորհրդարանի ստորին հանձնաժողովի վերանայմանը։ Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական Anadolu գործակալությունը։ 130 դրույթներից բաղկացած օրենքի հոդվածների գրեթե կեսն արդեն հաստատվել է թուրքական խորհրդարանի կողմից, սակայն Թուրքիայի ներքին գործերի նախարար Սեբահադդին Օզթուրքը խնդրել է մնացած 63 հոդվածները քննարկելուց առաջ ուղարկել խորհրդարանական հանձնաժողով։
Նշենք, որ անվտանգության մասին վերոնշյալ օրինագիծն այնպիսի դրույթներ է ներառում, որոնք քննադատների կարծիքով Թուրքիան դարձնելու են ոստիկանական պետություն: Օրինագծի քննադատները նշում են, որ օրենքի նպատակն է կանխել 2013 թվականի Գեզի զբոսայգու և 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած քրդական ցույցերի կրկնությունը: Այն նաև ուժեղացնելու է ոստիկանության և անվտանգության ուժերի լիազորությունները։ Սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ստանալով երկրի նախագաի Ռեջեփ Թայիթ Էրդողանի աջակցությունը, պնդում է, որ այդ միջոցները համապատասխանում են ԵՄ-ի չափանիշներին և անհրաժեշտ են ազատությունների պաշտպանության համար:
Թուրքական Hurriyet Daily News-ը գրում է, որ oրինագիծը խորհրդարանի ստորին հանձնաժողովի վերանայմանն ուղարկելը կարող է նշանակել, որ կառավարությունը պատրաստ է որոշակի զիջումների գնալ ընդդիմությանը։ Մասնավորապես, հնարավոր է՝ թուրքական կառավարությունը քրդական խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված փորձում է մեղմել քրդամետ Ժողովրդա-Դեմոկրատական կուսակցության (HDP) դիրքորոշումը, որը կտրականապես հանդես է գալիս այս օրենքի դեմ։ Մարտի 21-ին Նովրուզի տոնակատարությունից առաջ ակնկալիքներ կան, որ քրդական կարգավորման գործընթացում կարող է առաջընթաց գրանցվել, և, հավանաբար, կառավարությունը չի ցանկանում հարվածի տակ դնել այս գործընթացը։ Հիշեցնենք, որ HDP-ի ղեկավարներից Սալահաթթին Դեմիրթաշը բազմիցս հայտարարել է, որ անվտանգության մասին այս օրինագիծը հակասում է Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը և սոցիալական խաղաղությանը։