Առաջին անգամ պատմության մեջ մեկ դոլարը գնահատվում է 0.95 եվրո:
Մարտի 9-ից Եվրոպական Կենտրանական Բանկը սկսել է գործի դնել իր կողմից դեռևս այս տարվա հունվարին պլանավորած Քանակական ընդլայնումներ ծարգիրը: Ծրագիրն իրենից ներկայացնում է պետական պարտատոմսերի հետ գնում Եվրագոտու երկրներից՝ փոխարենը շուկա մղելով 1.14 տրիլիոն եվրո առաջիկա 18 ամիսների ընթացքում: Նպատակն է շուկան ողողել եվրոյով, ինչը կհանգեցնի տնտեսական աճի և ցանկալի գնաճ կապահովի եվրագոտու սահմաններում:
ԵԿԲ-ի ծրագրի մեկնարկից անմիջապես հետո ամերիկյան դոլարը կտրուկ բարձրացավ՝ գրանցելով իր ամենաբարձր ցուցանիշը վերջին 12 տարիների ընթացքում: Շուկայում անմիջապես աշխուժացավ եվրոյի փոխանակումը դոլարի: Անցյալ տարվա հուլիսի համեմատ եվրոն դոլարի նկատմամբ արժեզրկվել է 22.4 տոկոսով, երբ մեկ եվրոն գնահատվում էր 1.37 դոլար: Գոյություն ունեն կանխատեսումներ, որ մինչև տարեվերջ եվրոն կհավասարվի դոլարին, իսկ 2016թ.-ին անգամ եվրոյի արժեքն էլ ավելի կնավազի՝ գնահատվելով 0.90 դոլար, 2017 թ.-ին՝ 0.85 դոլար (աղբյուրը՝ bbc.com): Սա շատ մտահոգիչ է ԱՄՆ համար, քանի որ չի բխում իր տնտեսական շահերից:
Միացյալ Նահանգների՝ ճգնաժամ ապրած տնտեսությունը վերականգնվել է և զարգանում է արագ տեմպերով, ինչը ենթադրում է Դաշնային պահուստային բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացում, որը հավանաբար տեղի կունենա այս տարվա վերջին: Այս հանգամանքին նպաստում է նաև առձեռն գումարի պահանջարկի աճը՝ ներդրումները ֆինանսավորելու համար: Իսկ Եվրոպայում քանակական ընդլայնումները հանգեցնում են պարտքի ծախսերի կրճատման:
Եվրոպայի համար շահավետ է եվրոյի անկումը, քանի որ սպառումը կբարձրացնի տեղական ապրանքների և ծառայությունների պահանջարկը, որին կհետևի գների բարձրացում, որն էլ ԵԿԲ-ի գլխավոր նպատակն է այժմ: Սա էլ հնարավորություն կտա Եվրագոտու տարածքում բիզնեսի ծաղկմանը:
Սակայն այս նույն պայմանների դեպքում այն ինչ տեղի կունենա Միացյալ Նահանգներում, խիստ մտահոգիչ է Ամերիկայի համար:
Թվում է, թե որքան տեղական արժույթը բարձր է գնահատվում, այնքան տնտեսությունն էլ պետք է ուժեղ լինի, և որքան արժույթն անկում է ապրում, այնքան տնտեսությունը թույլ է, սակայն այս պարագայում ԱՄՆ-ի մասին նույնն ասել չի կարելի: Դոլար–եվրո հարաբերակցության մեջ դոլարի արժևորումը հանգեցնում է ամերիկայի տնտեսության թուլացմանը:
Բարձր դոլար նշանակում է արտահանումն այլևս չի խթանվում Ամերիկայում, մինչդեռ ցանկացած ամերիկացու համար ավելի գրավիչ է դառնում ապրանքներ ու ծառայություններ դրսից ներմուծելը: Սա էլ պարտատոմսերի գների անկման պատճառ է հանդիսանում:
Մյուս կողմից միայն եվրոն չէ, որ արժեզրկվում է դոլարի նկատմամբ, այլ շատ տարբեր փոխարժեքներ ևս, և այս ամենի պատճառը ոչ միայն ԵԿԲ-ն է իր քանակական ընդլայնումներ ծրագրով, այլև մի շարք այլ երկրներ, որոնք նորից որդեգրել են դրամավարկային քաղաքակնության ընդլայնող տարբերակը: Այդ երկրների թվին են պատկանում Ավստրիան, Կանադան, Չինաստանը, Դանիան, Եգիպտոսը, Թուրքիան, որոնք նպատակ ունեն իրենց երկրներում կասեցնել անբավարար գնաճը և դանդաղ տնտեսական աճը:
ԱՄՆ Դաշնային պահուստային բանկը չի ցանկանում լինել միակը, ով բարձրացնում է տոկոսադրույքը, չնայած ստիպված է գնալ այդ քայլին: Արժևորված դոլարն ամերիկյան արտահանման համար տարիֆի դեր է կատարում, միաժամանակ ներմուծման համար խթան է հանդիսանում (աղբյուրը՝ washingtonpost.com):
Կենտրոնական բանկերը, սահմանելով ցածր տոկոսադրույք, նպաստում են արժույթի արտահոսքին բանկային կուտակումներից դեպի շուկա, բարձրացնելով տոկոսադրույքը՝ չնայած շահագրգռում են ներդրողներին, դրանով խթանում են փողի վերադարձը դեպի բանկեր: Սա հանգեցնում է դոլարի էլ ավելի արժևորման:
Միացյալ Նահանգները տնտեսական ճգնաժամից դուրս գալու մեթոդ էր ընտրել «թարմ» դոլար տպելու քաղաքականությունը և ողողել էր ամբողջ շուկան իր արժույթով, որը համեմատաբար ավելի ցածր էր գնահատվում քան, օրինակ՝ եվրոն: Այսպիսով նա խթանում էր իր արտահանումը և սպառումը, ինչն էլ հնարավորություն տվեց վերականգնել տնտեսական աճը: Միևնույն ժամանակ Դաշնային պահուստային բանկի կողմից սահամանված ցածր տոկոսադրույքը հնարավորություն էր տալիս դոլարը պահել շուկայում ակտիվ շրջանառության մեջ: Սակայն այսօր Եվրոպան մարտահարվեր է նետում Նահանգներին՝ թուլացնելով եվրոյի դիրքերը, որպեսզի խթանի իր արտահանումը և սպառումը՝ նպաստելով տնտեսական աճին Եվրագոտում:
Այսպիսով եվրո-դոլար պատերազմը բավականին սուր է. եթե անգամ Դաշնային պահուստային բանկը բարձրացնի տոկոսադրույքը՝ դա կնպաստի միայն ներդրումների ավելացմանը, սակայն դոլարը էլ ավելի կարժևորվի: Իսկ արժևորված դոլարը նշանակում է արտահանման կրճատում: