Իսրայելի ձախ կենտրոնամետ «Սիոնիստական ճամբար» դաշինքը, որը, համաձայն վերջին հարցումների, գլխավորում է ընտրապայքարը, ձևավորվել է 2014 թվականի դեկտեմբերին՝ միավորելով Աշխատավորական ու Հաթնուա կուսակցությունները: Այն դեպքում, եթե դաշինքին հաջողվի հաղթանակ տանել ընտրություններում, վարչապետի պաշտոնը ռոտացիոն կարգով կզբաղեցնի նախ Աշխատավորական կուսակցության ղեկավար Իցհակ Հերցոգը, ապա՝ Հաթնուայի առաջնորդ Ցիպի Լիվնին:
«Սիոնիստական ճամբար» դաշինքի նպատակը, ինչպես և սահմանված էր նախընտրական ծրագրում, գործող իշխանություններին փոխարինելն ու «ավելի լավ Իսրայել» ստեղծելն է:
Դաշինքը չափազանց կարևորում է Պաղեստինի հետ դիվանագիտական համաձայնության հասնելը՝ այն համարելով անվտանգության տեսանկյունից կարևոր գործոն Իսրայելի համար: Կարևորվում է նաև հարևանների հետ հարաբերությունների նորմալացումը:
Ծրագրում հատուկ ուշադրություն է հատկացված նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերություններին՝ որպես Իսրայելի ուժի ու հզորության կարևոր տարր, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին, որը, դաշինքի համոզմամբ, պիտի կանխվի միջազգային հանրության աջակցությամբ: