Գերմանիայում իսլամիստների և աջակողմյանների երթերը անկարգությունների են վերածվել

13:36     15 մարտի, 2015

Գերմանիայի արևմտյան Վուպերտալ քաղաքում անկարգությունների հետևանքով 8 մարդ է ձերբակալվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, քաղաքում միաժամանակ անցկացվել են պահպանողական իսլամի կողմնակիցների և Պեգիդա («Հին աշխարհի իսլամականացման դեմ հանդես եկող եվրոպացիներ») աջակողմյան շարժման աջակիցների երթերը: Հակաիսլամական շարժման երթը ավելի քան 1000 մարդ է հավաքել, իսկ իսլամիստների հավաքը՝ ավելի քան 100:

Պեգիդա շարժմանը միացել են աջակողմյան ազգայնականները և ֆուտբոլի երկրպագուները, ովքեր էլ հրահրել են անկարգությունները: Իրավապահ մարմինները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Ընդհանուր առմամբ 21 իրավախախտում է արձանագրվել, տուժածներ չկան: 


© armedia.am