Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ռիգայում

15:24     15 մարտի, 2015

Լատվիայի Ազգային գրադարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որի նմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Իվան Կլեմենտեւը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը, հայկական, հրեական, ռուսական և բելառուսական համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը աջակցել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի Բալթյան երկրների հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը: Բանախոսները մասնավորապես նշել են, որ Ռիգայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացումը կարևոր քայլ է մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նրանք ընդգծել են, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է:

Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը նշել է, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել, չի կարելի բացառել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը:


© armedia.am