Այսօր՝ մարտի 16-ին, շվեյցարական Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ տեղի կունենան ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի միջև: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Զարիֆը հայտարարել է, որ այս բանակցությունների արդյունքում պետք է հստակեցվեն, թե ինչպես պետք է հանվեն պատժամիջոցները և ինչ երաշխիքներ են տրվելու Թեհրանին համաձայնագիրը ստորագրելու դեպքում: Թեհրանում նաև հույս ունեն, որ այս բանակցությունների արդյունքում կհստակեցվի, թե կողմերը ինչպես պետք է իրականացնեն պայմանավորվածությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերին նշել էր, որ Իրանի հետ բանակցություններում առկա հակասությունների հիմնական մասը քաղաքական բնույթ է կրում: