Երևանում մեկնարկեց Եվրանեսթի նիստը

12:32     16 մարտի, 2015

Ազգային ժողովում այսօր մեկնարկել է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անց է կացվում Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Բացման խոսքով հանդես է եկել Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, ով ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում է Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին իր ելույթում արժևորել է հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Վերջինս ափսոսանք է հայտնել ադրբեջանական պատվիրակության բացակայության համար: «Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբԵվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել Երևան»,- ասել է  Քշիշտոֆ Բոբինսկին:

Քշիշտոֆ Բոբինսկին նաև հույս է հայտնել, որ կգա ժամանակ, երբ այս երկրներում քաղաքական բանտարկյալներ չեն լինի, ու քաղաքացիական ակտիվիստների վիճակն էլ Հայաստանում կբարելավվի և աչք չի փակվի ընտրությունների վրա:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի ընտրություններին՝ հիշեցնելով, որ ընտրախախտումները վնասում են Եվրամիության, եվրոպական կառույցների պատիվն ու արժանապատվությունը:


© armedia.am