ՉԺՀ վարչապետ. «Ուկրաինայի հարցում Չինաստանն ընդունել է օբյեկտիվ և արդարացի դիրքորոշում»

13:02     16 մարտի, 2015

 

Մարտի 15-ին կայացած ՉԺՀ Կոմկուսի նիստի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ իր կառավարությունը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումը, սակայն չի պատասխանել այն հարցին, թե Ղրիմը համարում է Ուկրաինայի՞, թե՞ Ռուսաստանի մաս, հաղորդում է FTimes.ru-ն:

«Ուկրաինայի հարցում Չինաստանն ընդունել է օբյեկտիվ և արդարացի դիրքորոշում, - հայտարարել է չին վարչապետը: - Միևնույն ժամանակ ուկրաինական խնդիրը բարդություն է ավելացրել աշխարհաքաղաքական իրավիճակին, և դա բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացի վրա: Մենք դեռ հույս ենք փայփայում, որ այդ հարցը կարող է լուծվել երկխոսության, բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով»:

«Ինչ վերաբերում է Ղրիմի խնդրին, ապա դրա առաջացման պատճառները բարդ են: Մենք հուսով ենք, որ այն կարող է քաղաքական լուծում ստանալ երկխոսության միջոցով, և որ հարևանները կկարողանան խաղաղ ապրել», - ասել է Լի Կեցյանը:

Նշենք, որ չին իշխանություններն աշխատում էին չմիջամտել Արևմուտքի և Ռուսաստանի միջև` ուկրաինական ճգնաժամում վերջինիս դերի առիթով վիճաբանությանը:

Հիշեցենք, որ անցյալ տարի մարտի 14-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Ղրիմը միացավ Ռուսաստանին: Սակայն այդ միացումն անօրինական ճանաչվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմից, և արևմտյան երկրները ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ մտցրեցին:


© armedia.am