ԱՄՆ պետքարտուղարությունը հերքում է Ջոն Քերիի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը պետք է բանակցություններ սկսի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ երկրում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար: «Վաղ, թե ուշ մենք ստիպված կլինենք պայմանավորվել», - հայտարարել էր Քերին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է Interfax գործակալությունը: «Մենք միշտ պատրաստ ենք եղել բանակցություններ վարել «Ժնև-1» գործընթացի համատեքստում», - ասել է Քերին՝ նկատի ունենալով 2012 թվականին անցկացված ժնևյան կոնֆերանսը:
Քերին նշել է, որ բոլոր կողմերն էլ հասկանում են ռազմական ճանապարհով սիրիական հակամարտությունը կարգավորելու անհնարինությունը՝ ավելացնելով. «Ասադին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար մենք մտադիր ենք ապացուցել նրան, որ պատրաստ ենք քաղաքական որոշումներ փնտրել»: Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում բանակցությունները վերսկսելու համար, սակայն նա չի մանրամասնել, թե այդ ուղղությամբ կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում Վաշինգտոնը:
Նախկինում ԱՄՆ-ը պնդում էր, որ հակամարտության դադարեցումն անհնար է առանց Ասադի հրաժարականի: Քերին օրեր առաջ անգամ հայտարարում էր, որ Սիրիայի նախագահին տապալելու համար կարող է «ուժային ճնշման» կարիք լինի: Հետևաբար, Ասադի հետ բանակցելու անհրաժեշտության մասին Քերիի վերոնշյալ հայտարությունը միջազգային հանրության կողմից ընկալվեց որպես ամերիկյան դիրքորոշման մեղմացում: Սակայն դեռ վաղ է նման բան պնդելու համար: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը ավելի ուշ հայտարարեց, որ Քերին իր հայտարության մեջ Ասադին չի նկատի ունեցել: «Անհրաժեշտության դեպքում միշտ էլ կարիք է եղել, որ Ասադի վարչակազմի ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին: Սակայն Ասադը երբեք չի մասնակցել և չի մասնակցելու գործընթացին: Եվ պետքարտուղարը դա չի ասել» , - ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:
Բացի այդ, ամերիկյան դիրքորոշման մեջ փոփոխությունների բացակայության մասին է վկայում այն հանգամանքը, որ պետքարտուղարությունը հայտարարել է սիրիական «չափավոր ընդդիմությանը» հերթական 70 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ զինամթերքի տրամադրման մասին: Ընդհանուր առմամբ, մինչ այժմ «սիրիական ընդդիմությանը» տրամադրած ամերիկյան օգնության ծավալը հասնում է 400 միլիոնի: