Եվրոպան այսօր զգում է Թուրքիայի կարիքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ Մարթի Ահտիսաարին: Խաղաղության նոբելյան մրցանակակիրը նշել է, որ «Թուրքիան և ԵՄ այսօր առավել քան երբևէ զգում են միմյանց կարիք և առավել քան երբևէ իրարից հեռու են գտնվում»:
Ահտիսաարին ընդգծել է, որ Թուրքիայի հարևան երկրներում անկում են ապրում միանգամից երկու աշխարհաքաղաքական կարգեր, որոնցից մեկը ձևավորվել էր 1916թ. կնքված Սայքս-Պիկոյի և 1919թ.կնքված Վերսալյան պայմանագրերով, իսկ մյուսը՝ Սառը պատերազմից հետո Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: Եվ բնականաբար այս զարգացումները չէին կարող չանդրադառնալ Թուրքիայի վրա:
«Թուրքիան այլևս ծագող տարածաշրջանային աստղ չէ, ինչպիսին էր Էրդողանի իշխանության առաջին կեսին: Արդեն հեռու անցյալում են այն ժամանակները, երբ երկիրը տնտեսական վերելք էր ապրում և առաջ էր շարժվում դեպի իրական ժողովրդավարություն՝ ներշնչման աղբյուր դառնալով տարածաշրջանային այլ ուժերի համար: Այսօր Թուրքիան ստիպված է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների, ինչպիսիք են ավտորիտարիզմը, աննշան տնտեսական աճը և քրդական հիմնախնդրի առաջնայնությունը: Միևնույն ժամանակ սիրիական հակամարտության արդյունքում երկիրն ընդունել է մոտ 2մլն սիրիացի փախստականներ, արդյունքում Թուրքիան ԻՊ հարձակումների և ներթափանցման համար խոցելի է դարձել: Իրանի և Իսրայելի հետ հարաբերությունները գնալով ավելի լարված բնույթ են ստանում: Բացի այդ, երկիրն Էներգետիկ առումով կախվածություն է ձեռք բերում Ռուսաստանից»,- նշել է ֆին քաղաքական գործիչը:
Նա համոզված է, որ Թուրքիան չի կարող միայնակ դիմակայել այս մարտահրավերներին: Հարկ է նշել, որ Անկարան ԵՄ և տրանսատլանտյան դաշինքի հետ համագործակցության այլընտրանք չի տեսնում:
Միևնույն ժամանակ, ըստ Ահթիսաարիի, Եվրոպան ևս երբեք այսքան մեծ հետաքրքրություն չի ունեցել կայուն, ժողովրդավարական և արևմտամետ Թուրքիայի կայացման հարցում: Առանց Թուրքիայի հետ համագործակցության Եվրոպան այսօր կդժվարանա օտարերկրյա գրոհայինների և Իսլամական պետության դեմ պայքարում, Իրաքում կայունության հաստատման և սիրիական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու հարցում: Բացի այս, ԵՄ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների կարիք ունի նաև մատակարարումների տարբերակման միջոցով իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից:
Չնայած վերոնշյալ փաստարկներին՝ մենք այսօր ականատես ենք լինում ԵՄ-Թուրքիա հարաբերություններում միանգամայն այլ գործընթացի:
Նման զարգացումների գլխավոր պատճառն, ըստ Ահտիսաարիի, Եվրոպայի որդեգրած կոշտ դիրքորոշումն է Թուրքիայում մարդու իրավունքների և ազատությունների պարբերական խախտումների նկատմամբ: Նույնիսկ Եվրոպայում ոմանք գտնում են, որ մարդու իրավունքների և ազատությունների խախտումն այնքան լուրջ է, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը պետք է ընդհատվի: «Սակայն դա որևէ այլ արդյունք չի տա, բացի այն, որ կոչնչացնի այն վերջին ազդակը, որը ստիպում էր երկրին ժողովրդավարության ուղով առաջ գնալ»,- նշել է Ահտիսաարին՝ ավելացնելով, որ ԵՄ պետք է վերանայի Թուրքիայի հետ իր հարաբերությունները և ոչ միայն վերսկսի Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, այլ նաև ձեռնարկի վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ: