Այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի միջև շվեյցարական Լոզանում տեղի ունեցան բանակցություններ, որոնք նպատակ ունեին կրճատել կողմերի միջև առկա տարաձայնությունները մինչև մարտի 31-ին համաձայնագրի ստորագումը:
Այսօր Քերիի և Զարիֆի միջև տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ի էներգետիկայի հարցերով քարտուղար Էռնեսթ Մոնիզը և Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նշենք, որ վերջիններս հանդիպել էին նաև նախօրեին՝ որոշ տեխնիկական հարցեր քննարկելու համար:
Քերին կոչ է արել Իրանին այնպիսի զիջումներ անել, որոնք թույլ կտան վեցնյակին Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագիր ստորագրել: Քերին խոստացել է դրա փոխարեն հանել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Նշենք, որ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետները մոտենում են, դեռևս կողմերի միջև առկա են լուրջ տարաձայնություններ մի շարք կենտրոնական հարցերի շուրջ: Այսպես, մինչև հիմա կողմերը դեռ համաձայնության չեն եկել Իրանի կողմից ուրանի հարստացման հզորության շուրջ: Պարզ չէ նաև, թե ինչ պատժամիջոցներ են հանվելու և երբ:
Համաշխարհային ուժերի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ նախատեսվում է սահմանել այն որոշիչ տարրերը, որոնք Իրանը կընդունի որոշակի ժամանակահատվածով իր միջուկային գործունեությունը կասեցնելու համար՝ փոխարենը ստանալով զիջումներ պատժամիջոցների հարցում:
Վեցնյակի անդամ մյուս հինգ ուժերի և Իրանի միջև բանակցություններ տեղի կունենան վաղը՝ մարտի 17-ին, Բրյուսելում:
Կողմերը պայմանավորվել են վերջնական համաձայնագիրը մշակել մինչև հունիսի 30-ը: