Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են ընթանում: Իշխող Լիքուդ կուսակցությունը, վերջին հարցումների համաձայն զիջում է իր դիրքերը ձախակողմյան «Սիոնիստական ճամբարին»: Երրորդ տեղում է «Արաբական միասնական ցուցակը»: Այն իրենից ներկայացնում է Իսրայելի արաբական 4 առաջատար կուսակցությունների քաղաքական դաշինք:
Ինչպես տեղեկացնում է kololeh.com լրատվականը, 2015թ. հունվարի 22-ին Իսրայելի արաբական չորս կուսակցությունները՝ Բալադը, Հադաշը, Թաալը և Միավորված արաբական ցուցակը ձևավորել են դաշինք խորհրդարանական ընտություններին միասնական ցուցակով հանդես գալու համար: Նման քայլի պատճառը 2014թ. Կնեսեթի կողմից ընդունված օրենքն էր, որով խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը երկու տոկոսից բարձացվել է 3.25-ի: Հարկ է նշել, որ 1990-ականներից սկսած այս կուսակցություններն անջատ մասնակցում են Իսրայելի խորհրդարանական ընտրություններին:
Ինչպես նշվում է Միասնական ցուցակի նախընտրական ծրագրում, դաշինքը ձևավորվել է ինչպես նաև արաբական հասարակության, այնպես էլ օկուպացիայի և ռասիզմի դեմ պայքարող բոլոր ուժերի միավորման և ուժեղացման, նրանց քաղաքական կշիռն ու ազդեցությունը ընդլայնելու նպատակով: Ընտրվելու դեպքում Միասնական արաբական ցուցակը խոստանում է պայքարել պաղեստինցի արաբների իրավունքների համար: Հաղթանակի դեմպքում այն նաև մտադիր է պահանջել ճանաչել պաղեստինցի արաբներին որպես ազգային փոքրամասնություն, որն ունի ինքնավարության իրավունք մշակութային, կրթության և կրոնական հարցերում: Միասնական արաբական ցուցակի նախընտրական ծրագրում ասվում է, որ վերջինս պայքարելու է չճանաչված գյուղերի ճանաչման համար՝ դրանով իսկ ապահովելով բնակարանների կառուցման համար հողատարածքների հարցը:
Միասնական ցուցակը գլխավորում է Հադաշի առաջնորդ Այման Օդեհը: