Այսօր Իսրայելում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները ինչ-որ տեղ նման են գործող վարչապետի նկատմամբ ժողովրդի վստահության քվեի: Նեթանյահուի գլխավորած Լիկուդ կուսակցությունը, վերջին հարցումների համաձայն, գտնվում է երկրորդ հորիզոնականում:
Նշենք, որ Լիկուդ կուսակցությունն առաջին աջակողմյան կուսակցությունն է, որը գլխավորել է իսրայելական կառավարությունը: Այն հիմնադրվել է 1973թ. և սկզբնական շրջանում միավորել է ինչպես ձախակողմյան, այնպես էլ աջակողմյան կուսակցությունների: Այսպես, սկզբնական շրջանում Լիկուդի կազմի մեջ են եղել Հերութը, Լիբերալ կուսակցությունը, Ազատ կենտրոնը, Ազգային կենտրոնը և Աշխատավորական շարժումը հանուն հզոր Իսրայելի: Լիկուդը իշխանության է եկել 1977թ. և հենց այդ ժամանակ էլ կուսակցությունը դարձավ բացառապես աջակողմյան:
Լիկուդի գաղափարախոսության գլխավոր հիմնաքարը Իսրայելի անվտանգությունն է: Կուսակցությունն Իսրայելի շրջակա տարածքները՝ Գազան և Արևմտյան ափը, դիտարկում է որպես երկրի անվտանգության ապահովման կարևորագույն մաս: Կուսակցության անզիջում դիրքորոշումը տարածքային հարցում հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ կուսակցությունը այդ տարածքները դիտարկվում են որպես Իսրայելի անբաժան մաս, հետևաբար նաև` բոլոր հրեաների օրինական սեփականություն: Անդրադառնալով տարածքային զիջումների հնարավորությանը՝ Իսրայելի վարչապետը Times of Israel լրատվականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ երկազգ պետության սեղծումից խուսափելը շարունակում է մնալ իրենց նպատակը: Մյուս կողմից էլ Նեթանյահուն վստահ է, որ ներկայումս զիջած ցանկացած տարածք կօգտագործվի իսլամիսների կողմից հրեական պետության դեմ զինված պայքարի համար:
Չնայած նրան, որ Իսրայելը համաձայնել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ բանակցություններին Օսլոյում, որտեղ ՊԱԿ-ը առաջարկել էր «հող խաղաղության դիմաց» բանաձևը՝ իրականում կուսակցության գործողությունները կասկածների տեղիք են տալիս: Լիկուդը շարունակում է հանդես գալ գրավյալ տարածքներում բնակավայրերի ընդլայնման և Երուսաղեմն ու Գոլանի բարձունքներն Իսրայելի ինքնիշխանության տակ պահելու դիրքերից:
Ինչ վերաբերում է փախստականներին, ապա Նեթանյահուի կուսակցությունը հանդես է գալիս Իսրայելի ներկայիս տարածքներ նրանց վերադառնալու իրավունքի դեմ: Նման դիրքորոշում նա մեկնաբանում է՝ ասելով, որ այն լուրջ սպառնալիք կարող է դառնալ հրեական պետության գոյության համար: Չնայած սրան՝ բանակցությունների տարբեր հարթակներից Նեթանյահուն և բանակցությունների իսրայելական խումբը համաձայնել են թուլատրել ընտանիքների վերամիավորման ենթատեքստում մի խումբ պաղեստինյան փախստականների վերադարձը Հրեական պետություն:
Լիկուդի համար անվտանգության մյուս կարևոր բաղկացուցիչը Իրանը և վերջինիս միջուկային ծարագիրն են: Իսրայելի ներկայիս իշխանությունները դեմ են Իրանի և վեցնյակի միջև ցանկացած համաձայնագրի, որը նախատեսում է միջազգային հանրության կողմից զիջումներ Իրանին: Times of Israel-ին տված նույն հարցազրույցի ժամանակ Նեթանյահուն նշել է. «Իրանը բավականին ագրեսիվ է առանց միջուկային զենքի: Երբ այն ստանա միջուկային զենք նրանց սովորական ագրեսիայի մակարդակը էլ ավելի կբարձրանա»:
Ներկայիս իսրայելական իշխանությունների նման արմատական դիրքորոշումը միջուկային բանակցությունների նկատմամբ դարձավ ամերիկա-իսրայելական վաղեմի ջերմ հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառներից մեկը:
Բացի անվտանգությանն առնչվող խնդիրներից Լիկուդի նախընտրական ծրագիրը նախատեսում է նաև ազատ շուկայական տնտեսության ստեղծում, հարկերի իջեցում, ֆոնդային շուկաների վերահսկում, մասնավոր հատվածի ընդլայնում, բնակարաների պակասի վերացում: