ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր է պատրաստվում

18:54     16 մարտի, 2015

Հայաստան-Եվրամիություն համագործակցության շուրջ խորհրդակցությունները եզրափակիչ փուլում են, այսօր «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հանձնաժողովի նիստին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Եվրամիության հետ պատրաստվող նոր համաձայնագիրը ներառելու է այն ոլորտները, որոնք չեն հակասում Եվրասիական միությանը։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան «Ազատության»-ը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ համագործակցությունը հնարավոր է մարդու իրավունքների, ժողովրդավարության, անկախ դատական համակարգ ունենալու, ինչպես նաև տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար։

«Նոր համաձայնագիրը, որը քննարկվում է, Ասոցացման համաձայնագիր չէ, այն յուրահատուկ համաձայնագիր է, որը, իմ տվյալներով, անգամ անուն դեռ չունի։ Մենք պետք է հասկանանք՝ ինչի կարիք ունի Հայաստանը։ Համաձայնագրի կնքման համար վերջնաժամկետ չկա, բայց, իհարկե, պետք է ինտենսիվ բանակցություններ տարվեն», - ասաց Հաուտալան։

Նշենք, որ հայկական իշխանություններն ԵՄ հետ սերտ կապեր հաստատելու օրենսդրական շրջանակները քննարկելու պատրաստակամություն էին հայտնել 2013թ. ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագումից հրաժարվելուց անմիջապես հետո:

Նշենք, որ այսօր Հայաստանը և ԵՄ ստորագրել են երեք փաստաթուղթ,  Կովկասի էլեկտրահաղորդման ցանցերի 10 մլն եվրո վարկավորման համաձայնագիր,  Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը:


© armedia.am