Էրդողանը ցանկանում է Թուրքիան դարձնել «էթնիկ բաժնետոմսերի» բաժանված ընկերություն

14:33     17 մարտի, 2015

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները քննարկում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական աղմկահարույց հայտարարությունը: Վերջինս հայտարարել է, որ Թուրքիան պետք է համակցված ընկերության նման կառավարվի: «Թուրքիայում կառավարման ներկա համակարգն անարդարություն է, որն իրականացվում է մեր ժողովրդի դեմ: Նոր Թուրքիան զարգանալու է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գործարարների հետ: Ես խնդրում եմ ձեզ ցանկացած հնարավորության դեպքում խոսել Նոր Թուրքիայի և նախագահական համակարգի մասին: Թուրքիան պետք է համակցված ընկերության նման կառավարվի: Այլապես, ձեր ձեռքերին ձեռանշղթաներ կլինեն, և դուք չեք կարող առաջ շարժվել», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Today’s Zaman-ը:
 

Էրդողանը նաև կոչ է արել խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը՝ խնդրելով իր աջակիցներին 400 օրենսդիրներ ընտրել, ովքեր կքվեակեն նոր Սահմանադրության օգտին, որն էլ ճանապարհ կհարթի նախագահական համակարգի համար: «Եթե դուք մեզ 400 պատգամավորներ տաք, նոր Սահմանադրություն կմշակվի, և նախագահական համակարգ կլինի», - հայտարարել է Էրդողանը:

Ազգայնական շարժում կուսակցության (Nationalist Movement Party, MHP) խորհրդարանական խմբի փոխնախագահ Օքթայ Վուրալը խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի այս հայտարարությունը՝ նշելով, որ Էրդողանի երազանքն է կառավարել Թուրքիան «էթնիկ բաժնետոմսերի» բաժանելուց հետո, ինչպես դա արվում է ընկերությունների պարագայում: «Նրանք ցանկանում են կառավարել Թուրքիան որպես ընտանեկան ընկերություն: Նախագահական համակարգի հիմքում ընկած է միանձնյա պետ լինելու ձգտումը», -  ասել է Վուրալը՝ հավելելով, որ Էրդողանը ցանկանում է այդ ընկերության կենտրոնում դնել Աքսարայ նախագահական նստավայրը:

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության (CHP) փոխնախագահ Հալուկ Քոչը ևս մեղադրել է Էրդողանին Սահմանադրությամբ հաստատված բոլոր լիազորությունները գրեթե ամեն օր խախտելու մեջ: Նա նշել է, որ Էրդողանը նախագահի պես աշխատելու փոխարեն գործում է կուսակցության ղեկավարի նման:

 

 




© armedia.am