Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մարտի 16-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը: Ցուցանմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից, փոխանցում է ԱԺ պաշտոնական կայքը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտիենեն, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կոուդիտեն, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ Ալգիս Կաշետան, Ցեղասպանության զոհերի թանգարանի տնօրեն Թերեզե Բիրուտե Բուրաուսկայտեն, ինչպես նաև Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, պատմաբաններ:
Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կոուդիտեն, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ Ալգիս Կաշետան: