Գերմանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով ազգությամբ թուրք է, կոչ է արել Թուրքիային առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Այս մասին փոխանցում է Masis Post-ը: Նա նաև կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը և այն կոչել Հրանդ Դինքի անունով, քանի որ վերջինս իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է հայ և թուրք ժողովուրդների բարեկամության համար:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Օզդեմիրը համոզմունք է հայտնել, որ Անկարան, վաղ, թե ուշ ստիպված կլինի ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915թ. իրականացված հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստն իր կողմից ընդգծելու համար ազգությամբ թուրք քաղաքական գործիչը նախորդ շաբաթ Երևան կատարած այցի ժամանակ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:
Նա հանդես է եկել նաև թուրքական իշխանությունների կողմից Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու նախաձեռնության քննադատությամբ: Օզդեմիրը համոզված է, որ նույնիսկ այդ տոնակատարությունը չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից: «Դա չի աշխատի, քանի որ թուրքերը հիշում են, որ Գալիպոլիի ճակատամարտը տեղի չի ունեցել ապրիլի 24-ին: Սա առաջին անգամն է, որ այդ իրադաձությունը նշվում է այս օրը»,-ասել է Օզդեմիրը: