Կարսում տեղի ունեցավ Տրանսանատոլիական գազատարի՝ TANAP-ի կառուցման մեկնարկի պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտանում է Today’s Zaman լրատվականը:
Արարողությանը մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կարսում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան առանձնահատուկ կարևորություն է տալիս այս նախագծին, քանի որ «այն չի հանդիսանում որևէ այլ նախագծի այլընտրանք և վերջինիս համար ևս այլընտրանք գոյություն չունի»: Թուրքիայի նախագահը նաև ավելացրել է, որ մտադիր է Թուրքիան դարձնել «տարածաշրջանում էներգետիկ բաշխիչ հանգույց»:
Ադրբեջանի նախագահ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ այս նախագիծը Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ համագործակցության նոր ձևաչափ է հանդիսանալու: Նա նաև նշել է, որ ադրբեջանական գազի պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խոր. մ:
Նշենք, որ գազատարի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2018թ.:
Այն պետք է միանա Տրանսադրիատիկ գազամուղին, այդպիսով ադրբեջանական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով հասցվելու է Եվրոպային:
Ինչպես նախատեսվում է, գազատարը սկզբնական շրջանում կունենա 16մլրդ խոր. մ գազ մատակարարելու հնարավորություն, որից 10մլրդ պետք է մատակարարվի Եվրոպա, իսկ մնացած 6-ը՝ Թուրքիա: Նախատեսվում է նաև, որ մինչև 2026թ. այն արդեն կկարողանա Եվրոպա հասցնել 31մլրդ խոր. մ գազ:
Նշենք, որ ծրագրի արժեքը կազմելու է 10-11մլրդ դոլար, որից 58 տոկոսը ֆինանսավորելու է Ադրբեջանը, 30-ը՝ Թուրքիան, 20-ը՝ Վրաստանը:
Նախագիծը նպատակ ունի նվազեցնել Եվրոպայի կախումը ռուսական գազից: