ԵՄ-ն դեմ է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պայմանագրին

12:15     18 մարտի, 2015

Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի կարծիքով Ռուսաստանի և Հարավային Օրսիայի միջև դաշնակցության և ինտեգրման մասին նախատեսված պայմանագիրը հակասում է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և հանդիսանում է ՌԴ միջազգային պարտավորությունների խախտում:

«Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև Դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագրի կնքումը, որը նախատեսված է մարտի 18-ին, կդառնա հերթական քայլը, որը դեմ է գնում տարածաշրջանում անվտագության և կայունության ամրապնդմանը»,- հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչությունը:

Ըստ նրա՝ «փաստաթղթի ստորագրումը Ժնևյան միջազգային քննարկումների 31-րդ հանդիպման ժամանակ, ստեղծում է այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նպաստում տեղում անվտանգության և հումանիտար իրավիճակի բարելավմանն ուղղված կառուցողական միջավայրին»:

«ԵՄ-ն հայտնում է իր հաստատուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում և կոչ է անում Ժնևյան միջազգային քննարկումների մասնակիցներին դիտարկել հնարավոր բոլոր քայլերը, որոնք կնպաստեղն տեղում անվտանգության և կայունության ապահովմանը»,- հայտարարել է Մոգերինին:

Ինչպես հայտարարվել է ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի կհանդիպի Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Թիբիլովի հետ, ում հետ կքննարկի անվտանգության խնդիրները անդրկովկասյան տարածաշրջանում: Բանակցությունների արդյունքում կստորագրվի Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագիրը: 


© armedia.am