Մարտի 17-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի և ԱԳՆ կայքերը:
Նախարար Կարեն Միրզոյանը դեսպան Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի շարունակական փորձերին՝ շահարկելու և ընտրովի կիրառելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել պաշտպանության բանակի զինծառայող, Ադրբեջանում գերության մեջ պահվող Արսեն Բաղդասարյանի ճակատագրին։
Հիշեցնենք, որ ՊԲ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանում գերի է պահվում 2014թ. դեկտեմբերի 27-ից: Այդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ բռնել է «հայ հատուկ ջոկատայինի», մինչդեռ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ բանակը դիվերսիա չի իրականացրել: Հետագայում ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե իբր գերի պահվող զինծառայողն ուզում է տեղափոխվել երրորդ երկիր:
Իսկ մարտի 10-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արսեն Բաղդասարյանի դեմ: Վերջինս մեղադրվում է հանցավոր խմբի անդամ լինելու, 2 կամ ավելի մարդկանց սպանության փորձի և մի շարք այլ հոդվածներով:
Ավելացնենք, որ հունվարի 14-ին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին News.am կայքին հայտնել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները չեն կարողացել այցելել Բաղդասարյանին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել