Եգիպտոսը մտադիր է խստացնել օտարերկրյա զբոսաշրջիկների համար մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Եգիտպոսի արտգործնախարարությանը:
Այսպես, Եգիպտոսի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այս տարվա մայիսի 15-ից Եգիպտոս ժամանել ցանկացող բոլոր օտարերկրացիները պետք է նախապես մուտքի արտոնագիր ստանան եգիպտական հյուպատոսարաններում, այլ ոչ թե երկիր ժամանելիս: Նախատեսվում է, որ այս փոփոխությունը չի վերաբերի միայն տուրիստական խմբերին:
Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Ատը այս որոշումը մեկնաբանել է՝ ասելով, որ այն պետական ինքնիշխանության ակտ է և կապված է բացառապես ազգային անվտանգության ապահովման հետ: Նա նաև ավելացրել է, որ զբոսաշրջության ոլորտի վրա այս օրենքի բացասական ազդեցության դեպքում այն կուղղարկվի վերանայման: