Նախագահը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին. Տեղեկանք

12:20     18 մարտի, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին:

 

Տեղեկանք

ԵԺԿ-ն Եվրոպայի խոշոր քաղաքական ընտանիքներից է` կազմված լինելով 78 անդամ կուսակցություններից՝ 39 երկրից: ԵԺԿ կազմում են ընդգրկված Եվրոպական խորհրդի (European Council) նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիության ընդլայնման հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և այլ ականավոր քաղաքական գործիչներ:

ԵԺԿ-ն թե՛ Եվրախորհրդարանում (221 տեղ 751-ից), թե՛ Եվրոպական խորհրդում (11 անդամ 28-ից) և թե՛ Եվրահանձնաժողովում (14 հանձնակատար 28-ից) մեծամասնություն կազմող կուսակցություն է: Նշենք, որ Եվրախորհրդարանը, որը ներկայացնում է ԵՄ 500 միլիոն բնակչության ձայնը, Եվրոպական խորհրդի հետ իրավասու է ԵՄ օրենսդրության և բյուջեի տնօրինման համար: 

ԵԺԿ նաև ներկայացված է ԵՄ «արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում ստեղծված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում:

Կարևոր է նաև անդրադառնալ Եվրոպայի խորհրդում (Council of Europe) ԵԺԿ-ի ունեցած ծանրակշիռ դերակատարությանը: Բավական է միայն նշել, որ ԵԽԽՎ 363 անդամների կեսից ավելին` 192-ը, ԵԺԿ անդամներ են:

Բացի վերը նշված կառույցներից՝ ԵԺԿ-ն ներկայացված է և ակտիվ գործունեություն է ծավալում նաև այնպիսի խոշոր միջազգային կառույցներում, ինչպիսիք են, օրինակ, Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ):

ԵԺԿ-ն կազմված է նախագահությունից, քաղաքական հանձնաժողովից և կոնգրեսից: Քաղաքական հանձնաժողովը կազմված է ԵԺԿ նախագահության, Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբի նախագահության անդամներից և այլն: Քաղաքական հանձնաժողովի հանդիպումները տեղի են ունենում տարեկան երեքից հինգ անգամ, որոնց ժամանակ սահմանվում է աշխատանքային խմբերի մանդատը, որոնք պատասխանատու են կուսակցության քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի և առաջարկությունների ձևավորման համար:

Այս հանդիպումների ժամանակ ԵԺԿ կողմից ընդունված բանաձևերը, փաստաթղթերը և հանձնարարականները նպատակ ունեն որպես ուղենիշ ծառայելու կուսակցության անդամների համար, միջազգային հարթակներում տարբեր բանաձևերին դեմ կամ կողմ քվեարկելով՝ իրենց դիրքորոշումը արտահայտելու, ինչպես նաև այդ կառույցներում բանաձևերի սեփական նախաձեռնությամբ հանդես գալու համար:


© armedia.am