Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը դարձել է միջազգային քննարկումների առարկա: Այս անգամ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամին կարելի է վերջ դնել միայն բանակցությունների սեղանի շուրջ, անգամ եթե դրա համար պահանջվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը: «Բռնությունը դադարեցնելու համար քաղաքական որոշման ճանապարհը բանակցություններն են: Անգամ եթե դրա համար անհրաժեշտ է բանակցել Ասադի վարչակազմի հետ», - Գերմանիայի արտգործնախարարի խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ասադի հետ բանակցությունների հնարավորության մասին հայտարարել էր ԱՙՄՆ պետքարտուղար Ջոն Քերին. «Ասադին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար մենք մտադիր ենք ապացուցել նրան, որ պատրաստ ենք քաղաքական որոշումներ փնտրել»: Սակայն ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հերքեց Սիրիայի նախագահի հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:
Հատկանշական է, որ ոչ բոլորն են համաձայն Գերմանիայի դիրքորոշման հետ: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, օրինակ, հայտարարել է. «Եթե քաղաքացիական պետերազմի ավարտից հետ Ասադը մնա իշխանության գլխում, դա հսկայական նվեր կլինի «Իսլամական պետության» համար», - Ֆաբիուսի խոսքերը մեջբերում է DW-ն՝ հղում անելով dpa-ին: Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքել է Սիրիայի նախագահի հետ բանակցելու հնարավորությունը՝ միաժամանակ Բաշար Ասադին համեմատելով Ադոլֆ Հիտլերի և Սադամ Հուսեյնի հետ:
Սիրիայում բավական չեզոք արձագանքեցին այս հայտարարություններին: Սիրիայի նախագահը հայտարարեց, որ «արտերկրից հնչող հայտարարությունները մեզ չեն վերաբերում»: «Մենք պետք է սպասենք հստակ գործողությունների, հետո նոր որոշումներ կայացնենք», - ընդգծեց Ասադը: Իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան շարունակում են իրենց քաղաքականությունը, որի նպատակն է Եվրամիության երկրներին ներգրավել Սիրիայի դեմ ագրեսիայի մեջ: Ինչպես հայտնում է սիրիական տեղեկատվական SANA գործակալությունը, Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս երկու երկրները օգտագործում են ԵՄ-ն իրենց գաղութատիրական ծրագրերի իրականացման համար:
Սիրիական հակամարտությունը շարունակվում է արդեն 4 տարի, իսկ միջազգային հանրությունը դեռևս չի կարողանում որևէ լուծում գտնել: Այս ճգնաժամի հետևանքով ավելի քան 220 հազար մարդ է զոհվել, առնվազն 6 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Գոնե այս թվերը պետք է ստիպեն հակամարտության բոլոր կողմերին մի կողմ թողնել իրենց քաղաքական նկրտումները և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հանրությունն աստիճանաբար սկսում է գիտակցել, որ Ասադի վարչակազմն, ի վերջո, շատ ավելի ընդունելի է, քան ծայրահեղ իսլամիստները, որոնց անհնար է վերահսկել: