Վիգեն Սարգսյան. Ցեղասպանության հարցը ոչ միայն մեր գենետիկ հիշողության մեջ է, այլև` քաղաքական օրակարգի

16:56     18 մարտի, 2015

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը Երևանում այսօր մեկնարկած «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած լրագրողների համար պարզաբանել  է, որ հայ ժողովուրդը ապրիլի 24-ը հռչակել հիշատակման օր, ոչ թե այն պատճառով, որ այդ օրն է սկսվել ու ավարտվել Հայոց ցեղասպանությունը, այլ նրա համար, որ այդ օրը գլխատվել է հայ ժողովրդի մտավորականությունը:

Այնուհետև Վիգեն Սարգսյանը նշել է, որ Ցեղասպանության հարցը ոչ միայն հայ ժողովրդի արյան, գենետիկ հիշողության մեջ է, այլ նաև՝ քաղաքական օրակարգի, քանի որ այն հանցագործություն է և պետք է ստանա իր արժանի պատիժը, առանց միտում ունենալու հետագայում կրկնվելու: Սարգսյանը ընդգծել է, որ եթե ցեղասպանություն իրագործած պետությունը չի ճանաչում իր հանցանքը նշանակում է շարունակում է ցեղասպանությունը: «Վերջին տարիներին Թուրքիան բացահայտ շարունակում է իր նախորդներից  ժառանգած նեոիմպերիալիզմի քաղաքականությունը: Թուրքիան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ. պետական սահմանը փակ է, դա վերջին փակ սահմանն է Եվրոպայում: Սահմանի փակ մնալը գնալով ավելի է ամրապնդվում, ու այդ քաղաքականությունն ունի հիմնավորում՝ ստեղծել տնտեսական դժվարություններ Հայաստանի համար, որ ավելի զիջողական դառնա ԼՂՀ-ի հարցում: Իհարկե, սա այլ թեմա է և կապ չունի Ցեղասպանության հետ»,- ասել է նա:

Վիգեն Սարգսյանն  նաև ընդգծել է, որ ՀՀ-ի դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ երբեք չի եղել թշնամական ու նախապայմաններով հարաբերություններ չի կառուցել, ի տարբերություն Թուրքիայի:

 

 


© armedia.am