Թուրք մտավորականներ. Թուրքիայում քրդական հարցը չի կարող լուծվել, եթե Թուրքիան չկարողանա առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ

19:22     18 մարտի, 2015

Մարտի 14-15-ը  Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած «Խաղաղութեան և ժողովրդավարութեան Եգէական» քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից կազմակերպված  համաժողովի  ժամանակ մասնակից  Թուրքիայի մի շարք մտավորականներ, գրողներ,  ուսանողներ  հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Թուրքիայում քրդական հարցը չի կարող լուծվել, եթե Թուրքիան չկարողանա առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ, հայտնում է Asbarez.com:

Համաժողովի արդյունքում մշակվել է նաև մի շարք առաջարկություններ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, ինչպես օրինակ սեպտեմբերի 9-ը, երբ 1922 թվականին տեղի է ունեցել Իզմիրի քրիստոնեական համայնքի զանգվածային կոտորածը,  հռչակել սգո օր, ինչպես նաև Թալեաթ փաշայի անունը կրող  Իզմիրի պուրակը վերաանվանել Իզմիրից  հայ երաժիշտ՝ Տիգրան Չուխաճյանի անունով:

Համաժողովի ժամանակ տարածված հայտարարության մեջ նաև ասվում է. «Մենք ամոթալի ենք համարում և դատապարտում ենք փաստը, որ ապրիլի 24-ը, որը համարվում է Ցեղասպանության զոհերի հիշատակման օր, Թուրքիայում հռչակվել  է Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օր, առավել ևս այն, որ Հայաստանի Հանրապետության նախագահը նույնպես հրավեր է ստացել մասնակցելու այդ միջոցառմանը:»

 


© armedia.am