Եթե Ադրբեջանը չլիներ, հայ-թուրքական արձանագրություններն արդեն վավերացված կլինեին։ Այս մասին մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի շրջանակներում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով թուրքական Zaman պարբերականի լրագրողի հարցին։
Նախագահի խոսքով՝ Թուրքիայի ղեկավարության վրա մշտապես ճնշում է գործադրում Ադրբեջանի գործոնը։ «Մի քանի տարի առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանը մեկուսացնելու իր քաղաքականության մասին։ Բնականաբար այդ պլանների իրականացման համար նա հսկայական ջանքեր է գործադրում, և այդ քաղաքականության հետևանքները որոշակիորեն տեսնում ենք Թուրքիայում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչով ինքը «չի սպանել դրանք եւ չի փակել հաշտության պատուհանը»։ «Դա ոչ թե իրավական, այլ քաղաքական ակտ է։ Այս քայլով ես ցանկացել եմ հերթական անգամ Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը։