Աստանայում կքննարկվեն ԱՊՀ երկրների համատեղ հակաճգնաժամային քայլերը

17:55     19 մարտի, 2015

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները մայիսի 29-ին Աստանայում կքննարկեն ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համատեղ գործողությունները: Այդ մասին հինգշաբթի Մինսկում հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, գրում է ria.ru-ն:

 «Օրակարգում առաջին տեղում է ԱՊՀ պետությունների համատեղ գործողությունների ծրագիրը ֆինանսա-տնտեսական իրավիճակի արդի հարցերի վերաբերյալ»,- լրագրողներին ասել է Լեբեդևը: 

Նա հիշեցրել է, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները 2014 թվականի նոյեմբերին, քննարկելով տնտեսական իրավիճակը, որոշում են կայացրել նման պլանի մշակման անհրաժեշտության մասին:

«ԱՊՀ գործադիր կոմիտեն և անդամ երկրների մասնագետները մշակել են պլանը: Այն կներկայացվի կառավարությունների ղեկավարներին ստորագրման համար»,- շարունակել է Լեբեդևը:
Նա պարզաբանել է, որ 14 կետից բաղկացած ծրագիրը որոշում է առաջիկա ամիսներին ֆինանսա-տնտեսական ոլորտում երկրների համագործակցության ուղղությունները:

«Այդ նախագծի գլխավոր նպատակն է համատեղ ուժերով թուլացնել ներկայիս ֆինանսա-տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները»,- ասել է նա:

 Լեբեդևը հայտնել է նաև, որ ընդհանուր առմամբ կառավարությունների ղեկավարների հանդիպման օրակարգի նախագիծը ներառում է 20 հարց և նախատեսում է 23 փաստաթղթի ստորագրում:


© armedia.am