Նախագահը ԵԺԿ գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել

08:40     20 մարտի, 2015

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ կառուցողական երկխոսությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր, հաղորդում է president.am-ը:

Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, 2014թ. տարեվերջից ԵՄ-ի հետ քննարկվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակը ձևավորելու հարցին և Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանն այցի ավարտին ծավալուն հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և ընթացիկ տարում նախատեսված հիշատակի ոգեկոչման միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին և մի շարք այլ թեմաների:  


© armedia.am