Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը` քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 29 մանդատ ունի, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատրաստվում առնվազն երեք հայ թեկնածու առաջադրել: Երեկ այս մասին հայտնել է Թուրքիայի ամենահայտնի հայկական կազմակերպություններից մեկի` «Նոր Զարթոնք» քաղաքացիական նախաձեռնության խոսնակ Սայաթ Թեքիրը:
«Մեր թեկնածուներն են Ֆիլոր Ուլուքը,Մուրադ Մխչին և Դիրեն Ջևահիր Շենը»,- հայտարարել է Թեքիրը: Վերջինս ընդգծել է, որ հայ թեկնածուների առաջադրումը պետք է դիտարկել նաև Ցեղասպանության 100-ամյակի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում:
Սայաթ Թեքիրը Zaman-ի հետ զրույցում չի բացառել, որ Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված հայազգի թեկնածուների թիվը առաջիկա շաբաթներին կարող է աճել` ի վերջո հասնելով ութի: