Աղջիկ ծնվելիս այստեղ 111 ծառ է տնկվում

10:34     22 մարտի, 2015

Խոսքը Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ռաջսամանդ շրջանի Պիպլանտրի գյուղի մասին է: 8000 բնակիչ ունեցող այս գյուղում տարեկան  ծնվում է մոտ 60 աղջիկ: Վեց տարի առաջ գյուղում որոշեցին յուրաքանչյուր ծնված աղջկա համար 111 ծառ տնկել: Այս տարիների ընթացքում արդեն տնկվել է շուրջ 250 հազար ծառ:

Նշենք, որ Հնդկաստանում դժկամությամբ են աղջիկ ունենում: Շատ դեպքերում, իմանալով պտղի սեռը, աղջիկ լինելու դեպքում այն հեռացնում են: 

Ծառ տնկելու նախաձեռնությունը սկսել է նախկին գյուղապետ Շյամ Սունդար Պալիվալը` ի հիշատակ իր մահացած դստեր: Բացի ծառ տնկելուց, աղջիկ ծնվելու օրը գյուղացիներից հավաքվում է 21 000 ռուփի (15000 դրամ), նրա հորից էլ վերցնում են 10 000 ռուփի և այդ 31 000 ռուփի գումարը դրվում է որպես ավանդ աղջկա անունով` մինչև նրա 20 տարին լրանալը: Բացի այդ, ծնողներից գրավոր պարտավորություն են վերցնում, որ աղջկան չեն ամուսնացնի միչև չափահաս դառնալը, նրան կանոնավոր կերպով դպրոց կուղարկեն և հոգ կտանեն նրա անունով տնկված ծառերին:

Ի դեպ, գյուղում նաև 11 ծառ են տնկում յուրաքանչյուր մահացածի համար: Սակայն պիպլանտրիցիները միայն ծառ տնկելով չեն բավարարվում, նրանք նաև հոգատարությամբ խնամում են դրանք: Օրինակ, ծառերը տերմիտներից փրկելու համար դրանց շուրջը տնկվել է 2,5մլն ալոեի թուփ, որոնք նաև որոշ գյուղացիների համար եկամտի աղբյուր են դարձել: Ալոեից պատրաստում են հյութ, գել, թթու և վաճառում շուկայում:

Գյուղապետարանը գյուղում արգելել է ալկոհոլի օգտագործումը, ծառեր կտրելը: Բնակիչներն ասում են, որ վերջին 7-8 տարվա ընթացքում ոստիկանության կողմից այստեղ ոչ մի գործ չի հարուցվել:

Շյամ Պալիվալը հույս ունի, որ իրենց գյուղի օրինակին այլ գյուղեր էլ կհետևեն, իսկ ամենակարևորը` կառավարությունն էլ կհետաքրքրվի այս կարևոր նախաձեռնությամբ:

Չէր խանգարի, որ Հայաստանում էլ ընդօրինակեին այս նախաձեռնությունը:


© armedia.am