Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին, հաղորդում է gov.am-ը:
Վարչապետը ողջունել է միավորված խորհրդի՝ 2015 թ. առաջին նիստի անցկացումը Երևանում, ինչը վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին:
«Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցմանը և պարզեցմանը, մաքսանենգության դեմ պայքարի, ստվերային ու կեղծված արտադրանքից ներքին շուկայի պաշտպանության համաձայնեցված միջոցառումների կազմակերպմանը: Միավորված խորհուրդի միջոցով է կարգավորվում նաև մաքսային իրավախախտումների հայտնաբերման համաձայնեցված օպերատիվ միջոցառումների և համատեղ գործողությունների անցկացման մեխանիզմը», - իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը: