ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են ավելացնել ՀՀ-ին տրվող օգնության չափը

15:28     20 մարտի, 2015

Ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ռոբերտ Դոլդը մտադիր են ԱՄՆ վարչակազմից պահանջել մեծացնել Հայաստանին հատկացվող օգնության չափը, այս մասին հաղորդում է  NEWS.am-ը` հղում կատարելով Վաշինգտոնի սեփական աղբյուրներին:

Սպիտակ տունն  առաջարկել էր 2016թ.-ին Հայաստանին 18 մլն դոլարի չափով  օգնություն տրամադրել։

«Սա արդեն առաջին տարին չի շարունակվում։ Մենք ստիպված ենք մշտապես հակազդել, որպեսզի վստահ լինենք, որ ԱՄՆ-ն Հայաստանին շոշափելի օգնություն է տրամադրելու։ Կոնգրեսականները նաեւ անհանգստացած են Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության հավասարության պահպանման կարեւորության հանգամանքով։ Անկեղծ ասած՝ ես կասկածում եմ, թե ԱՄՆ-ն առհասարակ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու կարիք ունի՝ հաշվի առնելով, թե Բաքուն ինչ է անում սահմանին»,- նշել է Ադամ Շիֆը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն ավանդաբար Հայաստանին օգնության ավելի փոքր ծավալներ է առաջարկում, ինչն ավանդաբար Կոնգրեսի լսումներից հետո մեծանում է։

Կոնգրեսականը նաեւ ընդգծեց, որ այժմ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ շահերից։

Կոնգրեսական Ռոբերտ Դոլդը ևս ընդգծել է Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալների մեծացման կարեւորությունը։ Ընդ որում, կոնգրեսականն առաջարկել է չկենտրոնանալ Հայաստանին միայն ֆինանսապես աջակցելու հարցի վրա։

«ԱՄՆ-ը պետք է ուշադրություն դարձնի նաեւ կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանմանը եւ անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկի այդ ժառանգության պահպանումն ապահովելու համար։ Եթե մենք հայացք գցենք  հայ ժողովրդի պատմությանը, ապա կտեսնենք, որ Հայաստանի համար դա շատ կարեւոր հարց է»,- նշել է Ռոբերտ Դոլդը։


© armedia.am