Մինչև 2020-ը Հայաստանը 30%-ի տնտեսական աճ կունենա

18:00     20 մարտի, 2015

Այսօր Երևանը հյուրընկալել է Մաքսային միության խորհրդի 2015թ.-ի առաջին նիստը: Միության գործունեությունն ուղղված է անդամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև նախատեսվում են մի շարք գործողություններ Միության կողմից, որոնք կնպաստեն շուկայի զարգացմանը և մաքսային դաշտի բարելավմանը:

Գնահատելով մինչ այժմ կատարված առևտրաշրջանառության ծավալները ԵԱՏՄ երկրների միջև, պետք է ասել, որ գրանցվել է դրական տեղաշարժ երկրների առևտրաշրջանառության հարցում: Ըստ հունվար ամսվա տվյալների՝ երկրների համատեղ արդյունաբերական արտադրանքը աճել է 0.3%-ով, իսկ գյուղատնտեսական ապրանքներինը՝ 3%: Արդյունքում փորձագետների գնահատականով 2020թ.-ին ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի ՀՆԱ-ները կավելանան 25%-ով, ընդ որում Հայաստանի տնտեսությունը կաճի 30%-ով, Ղրղզստանինը, որը պատրաստվում է անդամակցել Միությանը, կավելանա  35%-ով (աղբյուրը՝ vestifinance.ru):

Պետք է նշել, որ ԵԱՏՄ կազմում ՀՀ առևտրաշրջանառության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում, հատկապես արտահանման գծով, սակայն ստեղծված հնարավորությունն առավելագույնս օգտագործելու համար կարևոր է զարկ տալ արդյունաբերության զարգացմանը, ինչն էլ կնպաստի արտահանման ծավալների ընդլայմանը:


© armedia.am