Հայաստանը համակարգում է իր ջրային ռեսուրսները

10:39     21 մարտի, 2015

Մարտի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Ընդունելության նպատակն է եղել քննարկել Հայաստանի ջրային ռեսուրսների համակարգված օգտագործումը: Ըստ նախարարի՝ Հայաստանի գյուղատնտեսությունը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեծ խնդիր ունի: Կարապետյանը փորձում է համատեղ ուժերով ավելի ակտիվ միջոցառումներ իրականացնել այս ուղղությամբ՝ հաշվի առնելով կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները, որոնք բերել են սակավաջրության (աղբյուրը՝ minagro.am):

Համաշխարհային բանկը աջակցում է Հայաստանին իր ոռոգման համակարգի բարելավման քառամյա ծրագրով, որի շրջանակներում վերջերս այցեր են կազմակերպվել դեպի մարզեր, քննարկումներ են անցկացվել ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների և տեղի բնակիչների հետ: Այս ծրագրով նախատեսվում է մի շարք շրջաններում կառուցել ինքնահոս համակարգեր, վերակառուցել ջրանցքներ, ներդնել ջրաչափման և կառավարման ժամանակակից համակարգեր:

Նախարարն առաջարկել է Համաշխարհային բանկի հետ մշակել երկարաժամկետ ծրագրեր՝ ջրամբարների կառուցում, նոր ջրատարների անցկացում՝ ներառելով ժամանանակից տեխնոլոգիաների ներդրում:

Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը մեծապես կբարելավի ոչ միայն  մարզերում տնային տնտեսությունների վիճակը, այլև կլուծի նաև ոռոգման խնդիրը, որի պատճառով շատ շրջաններ զուրկ են արդյունավետ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունից: 


© armedia.am