Օջալանը կրկին թուրքական իշխանությունների հետ հաշտեցման կոչ է արել

19:31     21 մարտի, 2015

Թուրքական բանտում գտնվող քրդական առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել քուրդ ժողովրդին՝ կրկին կոչ անելով իր կողմնակիցներին դադարեցնել անկախության համար մղվող զինված պայքարը Թուրքիայում:

Ուղերձում քրդական առաջնորդը հորդորել է Քրդական աշխատավորական կուսակցության նիստ գումարել թուրքական իշխանությունների դեմ պայքարը դադարեցնելու մասին որոշում ընդունելու համար:

Ավելացնենք, որ 2013թ. Օջալանի կողմից հայտարարված հրադադարը պահպանվում է մինչ օրս՝ չնայած կողմերի միջև առկա անվստահությանը: Վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը բարկացրել էր քրդերին՝ ասելով, որ Թուրքիայում երբեք էլ չի եղել քրդական հարց:

Սպասվում է, որ առաջիկա ամիսների ընթացքում քրդական հարցը էլ ավելի ինտենսիվորեն կշահարկվի թուրքական քաղաքական շրջանակների կողմից, քանի որ  այն կարող է հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էրդողանի կուսակցության համար զգալի ձայներ ապահովել կամ հակառակը:  

 


© armedia.am